Մոսկվայում դանակահարել են Տաջիկստանի ընդդիմության հայտնի ղեկավար` լրագրող Ատովուլլոևին
Մոսկվայի կենտրոնում, հինգշաբթի գիշերը, ծանր վիրավորվել է տաջիկական ընդդիմության ականավոր գործիչ` լրագրող Դոդոժան Ատովուլլոևը: Այս մասին հաղորդում է ИНТЕРФАКС-ը` հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Ըստ տեղեկությունների` Դ. Ատովուլլոևը սրտի շրջանում հասցված դանակի հարվածից, ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց:
«Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար», - հաղորդել է գործակալության զրուցակիցը:
Լրագրողը դանակահարվել է դեռևս չբացահայտված հանգամանքներում` «Վիաջիո» ռեստորանի սրահում:
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ քննչական խումբը:
Դ. Ատովուլլոևը տաջիկական «Վատանդոր» շարժման առաջնորդն է: Նա հայտնի է որպես լրագրող` Տաջիկստանի նախագահի անդրդվելի քննադատ:
Մի քանի տարի առաջ, Տաջիկստանի իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, Ատովուլլոևը ստիպված էր տեղափոխվել Ռուսաստան:









