Տիմոշենկոյի հայ կուսակիցը պատրաստվում է պատգամավոր դառնալ` արտերկրից
Ուկրաինայի Խարկով շրջանի նախկին մարզպետ, Յուլյա Տիմոշենկոյի Батьківщина կուսակցության շրջանային կազմակերպության առաջնորդ Արսեն Ավակովը մտադիր է առաջադրվել Գերագույն Ռադայի ընտրություններում:
Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, կուսակցության շրջանային կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Եֆրեմովայի խոսքով` դեռ հայտնի չէ, թե Ավակովն ինչ ընտրակարգով է առաջադրվելու:
Հիշեցնենք, որ Խարկովի շրջանային դատարանը Ավակովի և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցել է քրեական գործ 2009 թվականին պետական տարածքներն ապօրինի յուրացնելու փաստի առնչությամբ: Ավակովն իր հերթին հայտարարել էր, որ քրեական գործը կեղծ է, և այդ կերպ իշխանությունը ցանկանում է իր «հախից գալ»:
Ներկայում Ավակովը գտնվում է արտերկրում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին Կիևի մեկուսարանից տեղափոխել են Խարկովի գաղութ:









