Ծառուկյա՞նը կղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը
«Ոչ, նման խնդիր չի բարձրացվել, չի քննարկվել»,- Tert.am-ին հայտնեց Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` հերքելով մամուլում այսօր տպագրված լուրը, որ ինքն է ղեկավարելու ԲՀԿ նախընտրական շտաբը: Վարդանյանը ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ «խոսակցություն է եղել, որ շտաբը ղեկավարելու է անձամբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը… բայց դրանից հետո էլ խոսակցություն չեղավ»:
Նշենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններին հենց Վարդան Վարդանյանն էր համակարգում «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբի աշխատանքները: Tert.am-ի հարցին, թե քանի որ նախկինում այդ պարտականությունը դրված էր իր վրա, կարելի՞ է ենթադրել, որ հիմա չդրվելու դեպքում կստացվի, որ իրենից դժգոհ են, Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Հիմա, գոհ էին, գոհ չէին, չգիտեմ, փակենք այս թեման»:
Նշենք, որ առայժմ հայտնի է միայն, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա է դրված կուսակցության նախընտրական քարոզչության, ինչպես նաեւ միջազգային դիտորդների հետ տարվելիք աշխատանքների համակարգումը. Նաիրա Զոհրաբյանը հաստատեց Tert.am-ի ունեցած այս տեղեկությունը:









