ՀՀԿ-ի համար խորհրդարանական և նախագահական ընտրությունները դիտարկվում են որպես մեկ միասնական գործընթաց. Գագիկ Մելիքյան

13:11 • 13.01.12

«Տարին ընտրական նաև նախընտրական է, որովհետև ՀՀԿ-ի համար այս ընտրությունները դիտարկվում են որպես մեկ միասնական գործընթաց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` նշելով, որ ՀՀԿ-ում կատարվում են շտաբների ձևավորման, առաջիկա համագումարին նախապատրաստական բնույթի աշխատանքներ, պատվիրակների ընտրություններ, տեղական կազմակերպություններում խորհուրդների ձևավորման, ինչպես նաև այլ կազմակերպչական բնույթի աշխատանքներ:

«Դրանք են` շտաբների կազմավորում, տարածքների համախոհների համախմբում, կուսակցական աշխատանքների, գրասենյակների ակտիվացում և նորերի բացում»,-ավելացրեց նա: ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց նաև, որ սկսված են նախընտրական ծրագրերի կազմման աշխատանքները, որոնք պետք է համապատասխանաբար, ըստ ժամանակացույցի պետք է կատարվեն:

Նրա կարծիքով համամասնական ընտրակարգի ամբողջությամբ անցում կատարելու կոչն ընդամենը «պոպուլիստական քայլ է» և «նման քննարկումները պետք է նախորդեն այն ժամանակահատվածին, երբ սկսվում է ընտրական օենսգրքում փոփոխությունների աշխատանքը»: «Սա ուշացված է 2012-ի համար, և վաղաժամ` 2017-ի համար:

Այս առաջարկությունը հիմնականում իրականացվում է ընդդիմության կողմից և ընդիմությունը կարծես թե հաշտվել է իր այս առաջարկությամբ` իր պարտության հետ և այն բացատրելու համար պայմաններ չի գտնում, փորձում է ստեղծել»,-ավելացրեց նա` ընդգծելով, որ «դա ընդամենը նախընտրական, քարոզչական, պոպուլիստական փուչիկ է, որը շատ հեշտությամբ կպայթեցվի»: «Սրա վրա պետք չի առանձնապես լուրջ ուշադրություն դարձնել: Ուշացված առաջարկություն է, որ անընդհատ գործողության մեջ է, և սա կարելի է քննարկել 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ քննարկման կդրվի ընտրական օրենսդգրքում փոփոխություններ կատարելու առաջարկությունները»,-հավելեց ՀՀԿ քարտուղարը: