17 մլն դրամ յուրացրած «Հայփոստի» գանձապահը ինքնասպանություն է գործել` խմելով 3 շիշ էսենցիա

15:40 • 13.01.12

Երեկ ինքնասպանություն է գործել «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժնի ավագ գանձապահը: Այս մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` Tert.am-ին հայտնելով, որ հունվարի 12-ին, ժամը 15.00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ էսենցիայի թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963թ. ծնված Անդրանիկ Մանուկյանը` «Հայփոստ» ՓԲԸ-ի Կոտայքի բաժնի ավագ գանձապահը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Անդրանիկ Մանուկյանը Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին` ծառերի տակ, ինքնասպանություն գործելու նպատակով 3 շիշ էսենցիա է խմել և տեղափոխվել հիվանդանոց: Նույն օրը` ժամը 20.00-ի սահմաններում նա «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:

Հուվարի 12-ին «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժնի տնօրենը հաղորդում է տվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ ժամը 14.30-ին իրենց են զանգել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Մանուկյանը խմել է էսենցիա ու թունավորված ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, որից հետո իրենց կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ դրամարկղից պակասում է 17 113 474 դրամ, որը յուրացվել է Մանուկյանի կողմից:
Կոտայքի քննչական բաժնում փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: