Ճապոնիայի վարչապետը պաշտոնանկ է արել ողջ կառավարությունը
Ճապոնիայի կառավարությունը` վարչապետ Յոսիհիկո Նոդայի պահանջով, այսօր ամբողջ կազմով հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է ռուսական gazeta.ru-ն, վարչապետը նախարարների արտահերթ նիստում անձամբ է հավաքել համապատասխան դիմումները:
Հրաժարական տված կառավարությունը ձևականորեն կկատարի իր պարտականությունները մինչև օրվա երկրորդ կեսը, որից հետո կձևավորվի նոր նախարարական կաբինետ:
Արդեն որոշված է, որ պաշտպանության նախարար կդառնա խորհրդարանի պատգամավոր Նաոկի Տանակին` նախորդ դարի ամենախոշոր քաղաքական գործիչներից մեկի` Կակուեյ Տանակիի փեսան:
Դեկտեմբերի վերջին Ճապոնիայի կառավարությունն առաջին անգամ ներկայացրել է պետբյուջեի նախագիծ, որի համաձայն` Ճապոնիան մտադիր է կրճատել ծախսերը: Ճապոնիան արդեն կուտակել է աշխարհի զարգացած երկրների թվում ամենամեծ պարտքը:









