Կստեղծվի «Պանարմենիան Մեդիա» մեդիահաուս, Հրաչ Քեշիշյանն էլ կլինի գլխավոր պրոդյուսերը

12:58 • 13.01.12

Մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ATV հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին Тert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ անձամբ Հրաչ Քեշիշյանից:

«Շատ հստակ ես ձեզ ասում եմ, ստեղծվում է նոր կառույց, որը կոչվելու է «Պանարմենիան Մեդիա», որն իր մեջ ներառում է մի քանի հեռուստաընկերություններ։ Մեդիահաուս է լինելու, որոնց մեջ մտնելու են «Արմենիան», «Արմնյուզը«, «ATV»-ն, «TV մոլ» շաբաթաթերթը, «Yes! ԵՍ» ամսագիրը, «ԱրմՌադիոն»։ Ես լինելու եմ ամբողջ մեդիա գրուպի գլխավոր պրոդյուսերը»,- ասաց Հ. Քեշիշյանը:

Ինչ վերաբերում է «Փաստ» լրատվականի խմբագիր Վարդուհի Սիմոնյանի աշխատանքից ազատվելուն Հրաչ Քեշիշյանն ասաց. «Վարդուհի Սիմոնյանը չի ազատվել աշխատանքից, պարզապես լրացել է նրա պայմանագրի ժամկետը: Այս նոր ստեղծվող մեդիա ընկերությունում Վարդուհի Սիմոնյանը կստանա աշխատանքի նոր առաջարկներ, որոնցից մեկում էլ կշարունակի աշխատել»:

Tert.am-ի հետ զրույցում Հրաչ Քեշիշյանը նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում հեռուստադիտողը նոր նախագծեր ու հաղորդումներ տեսնելու հնարավորություն կունենա: