Որտեղի՞ց ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակին այդքան վստահություն. մեկնաբանում է Կիրո Մանոյանը
ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը հանգել է այն եզրակացության, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին շուրջ 2/3 մեծամասնությամբ կվավերացնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որտեղից այդ վստահությունը, ասաց. «Իրենք հանդիպում են կուսակցությունների, քաղաքական շրջանակների հետ և հենց այդ հանդիպումների արդյունքում նման եզրակացության են եկել»:
Ենթադրվում է, որ բանաձևն անցկացնելու վերաբերյալ Ֆրանսիայի իշխող աջ և ընդդիմադիր ձախ ուժերի միջև լուռ համաձայնություն կա, այդ թվում նաև` նախագահ Սարկոզիի և նախագահի`սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդի միջև: Կիրո Մանոյանը, սակայն, այս առնչությամբ խիստ հակիրճ պատասխան տվեց .«Ես տեղյակ չեմ»:
Կլինե՞ն այլ երկրներ, որոնք կհետևեն Ֆրանսիայի օրինակին, որը նման մակարդակով է հետամուտ լինում Հայոց ցեղասպանության ժխտմանը: Կիրո Մանոյանը այս առնչությամբ նկատեց, որ այս իմաստով մեր հասարակությունն ունի տեղակատվության որոշակի պակաս. Ֆրանսիայից առաջ էլի մի քանի երկրներ կան, որոնք ունեն և ընդունել են նման օրենսդրություն: Առաջինը Շվեյցարիան է` իր Ցեղասպանությունը միջազգայնորեն քրեականացնող օրենսդրությամբ (Թուրքիայի մեկ քաղաքացի այս օրենքի շրջանակներում արդեն կալանավորված է), երկրորդը` Սլովակիան : «Իրենք ևս մեկնաբանում են, որ Ցեղասպանությունների քրեականացման օրենքը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը:
Չմոռանանք նաև, որ ԵՄ բոլոր երկրները պարտավոր են ընդունել»,-իր կողմից մեկնաբանեց Կիրո Մանոյանը: «Այնպես որ, Ֆրանսիան, իրականում, երրորդ երկիրն է, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար ունի քրեական օրենսդրություն: Ուղղակի, Ֆրանսիան տարբեր է այն երկուքից, որովհետև նրա քաղաքական ազդեցությունն է ավելի մեծ»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` «Սոչիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ և պատրաստակամությամբ` դիմելու Ռուսաստանի Պետդումայի պատգմավորներին, որպեսզի նրանք ևս հետևեն Ֆրանսիայի օրինակին:
Tert.am-ի հարցին, թե այս պահին նման հեռանկարն իրո՞ք իրատեսական է, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ներկա պահին դժվարացավ պատասխանել, սակայն ողջունում է ռուսաստանյան սփյուռքի ակտիվացումը և նրա կողմից նման պահանջների բարձրացումը:









