Ես եմ դատապարտվողներից մեկը, էդքան հեշտ չեմ նստել էս աթոռին. Մարգար Օհանյան

18:03 • 13.01.12

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Մարգար Օհանյանի գործով աղմկահարույց դատավարությունը: Դատարանում այսօր ցուցմունք տվեցին մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն գործի հետ: Վկաներից մեկն, ով ամենահետաքրքիրն էր խոսում, ՀՀ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի, առաջին վաշտի նախկին հրամանատար, փոխգնդապետ Ստեփան Սեդրակյանն էր: Վերջինս միայն նշում էր, որ լավ չի հիշում և իր հիշողության հետ խնդիրներ ունի:

Մինչ Ստեփան Սեդրակյանը կսկսեր ցուցմունք տալ, դատավորը քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պահանջեց անձը հաստատող փաստաթուղթ, սակայն վերջինս չուներ: Անգամ դատավորի հարցին, թե վարորդական իրավունք էլ չունի, վկան պատասխանեց, որ երթուղայինով է եկել դատարան: Իսկ արդեն ցուցմունք տալու ժամանակ մեղադրող դատախազի այն հարցին, թե համապատասխանել են ստացած բենզինի և փաստաթղթերի թվերը, ցուցմունք տվողը կիսազայրացած ասաց. «եթե համապատասխանեին ստեղ ինչ էինք անում»: Շարունակելով իր խոսքը, նախկին փոխգնդապետը մեղադրանքն ուղղեց ոչ թե Մարգար Օհանյանին, այլ արդեն Ստեփան Կարախանյանին, ով հանդիսանում է գործով անցնող մեղադրյալ:

Ստեփան Սեդրակյանի նախաքննության ժամանակ տված ցուցմուքների և դատարանում տված ցուցմունքների միջև կային էական տարբերություններ, այդ իսկ պատճառով էլ հրապարակվեցին վերջինիս նախաքննության ժամանակ տված ցուցմուքները: Հարցերի ժամանակ Մարգար Օհանյանը հարց տվեց վկային. «Ստեփան եղե՞լ է դեպք, որ դու զանգահարես ինձ ու ես քո զանգին չպատասխանեմ, կամ քիչ ե՞նք միասին ընդմիջումներ ունեցել, ճաշել, եկեղեցում մոմ վառել»,- հարցին ի պատասխան Սեդրակյանն ասաց, որ նրանք լավ հարաբերություններ են ունեցել, սակայն բենզինի պակասորդի մասին նա չի ասել Օհանյանին, դատարանում էլ ասաց. «մեղավոր եմ, չեմ ասել Ձեզ»։

Դրան ի պատասխան էլ Օհանյանն ասաց. «Ես եմ դատապարտվողներից մեկը, էդքան հեշտ չեմ նստել էս աթոռին, ինձ էլ հասկացեք»: Հիշողությունից բողոքող նախկին սպան նաև իրեն հասանելիք 350 լիտր բենզինի փոխարեն միշտ վերցրել է կրկնակի ավելին, քանի որ նա ավելի շատ վառելիք է օգտագործում, ըստ Սեդրակյանի շատ անգամներ էլ ինքն է իր գրպանից վճարել բենզին գնելու համար: Այս ամենի կապակցությամբ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը հետաքրքվեց, թե որ բենզալցակայանից է նա գնել վառելիք, սակայն սեդրկայնաը դա էլ չէր հիշում: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հունվարի 19-ին: