Il Pittore ռեստորանի տնօրեն Սուրեն Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է

20:02 • 13.01.12

Մոսկվայի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է մոսկովյան Il Pittore ռեստորանի տնօրեն Սուրեն Մկրտչյանին։

Մկրտչյանը ձերբակալվել էր հունվարի 12–ին՝ իրեն պատկանող ռեստորանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցված քրգործի հետաքննության շրջանակում։

Մկրտչյանի փաստաբանը դատարանում խնդրել էր չկալանավորել Մկրտչյանին՝ պատճառաբանելով, թե իր պաշտպանյալը մտադիր է նյութական աջակցություն ցուցաբերել տուժածներին։ Բացի այդ, փաստաբանն ընդգծել էր, որ պայթյունի հետևանքով մարմնական վնասվածք էին ստացել նաև իր պաշտպանյալն ու նրա որդին։

Քննիչները, սակայն, հայտարարել էին, թե Մկրտչյանին կալանքի տակ առնելն «անհրաժեշտություն է»։

Փաստի առթիվ հարուցված քրգործի հետաքննությունը կատարվում է ՌԴ ՔՕ մի քանի հոդվածներով՝ «անզգուշությամբ մահ պատճառելը», «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը», «անզգուշությամբ գույքը վնասելը, կամ ոչնչանցնելը»։

Հունվարի 9–ին Il Pittore ռեստորանում տեղի ունեցած պայթյունի (գազի բալոն էր պայթել) և դրան հաջորդած հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել, մոտ 40–ը վիրավորվել էին։ Վիրավորների թվում նաև 5 հայ կար։