Ռուսաստանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցի բարձրացման փորձերը սադրանք են. Պետդումայի պատգամավոր

16:38 • 13.01.12

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Սոչիի հայերի միություն» (Ռուսաստան) հասարակական կազմակերպությունը պատրաստվում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին դիմել ու կոչ անել, Ֆրանսիայի օրինակին հետևելով, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրենք ընդունել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Հասարակական միությունների և կրոնական կազմակերպութունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին, այդ նախաձեռնությանն անդրադառնալով, այն սադրանք է որակել։

«Վստահ եմ, որ բազմազգ պետություն համարվող Ռուսաստանի Դաշնության տարածքում այդ հարցը բարձրացնելու փորձերը պետության, որպես այդպիսին, հիմքերը խարխլող սադրիչ գործողություններ են,–ասել է նա և հավելել,– Վերջին շրջանում ժողովրդավարության զարգացման մակարդակը մի շարք պետություններում այնպիսի մասշտաբի է հասել, որ հարգարժան մի շարք պետությունների խորհրդարաններ, ինչպիսին որ Ֆրանսիան է, աբսուրդի հասնող օրենքներ են ընդունում»։

Օստրովսկին կարծում է, որ այդ հարցը բարձրացնելը ճիշտ չէ։ «Մեզ համար բոլոր ազգերն ու ժողովուրդները հավասար են, մենք բոլորի հետ եղբայրական հարաբերություններ ենք հաստատում։ Կարծում եմ, որ միտք չունի ուռճացնել այդ թեման և բացել «Պանդորայի արկղը», որը հետո դժվար է լինելու փակել»,–նշել է նա։

Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ֆրանսիային մեղադրեց 20–րդ դարի կեսերին ալժիրցիների ցեղասպանության մեջ։

Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23–ին։