Ի՞նչն է կաշկանդում ՀՀԿ-ին` անցնելու ամբողջական համամասնական ընտրակարգի. «Ժառանգությունը» կփորձի պարզել Ջոն Պրեսկոտից
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին, որը հունվարի 16-17-ը երկօրյա այցով կժամանի Հայաստան, «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնելու է համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմադիր մի շարք ուժերի առաջարկությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«ՀՀԿ-ն պետք է հաշվի առնի Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունած բանաձևը և գնա ընտրական օրենսգրքի նման փոփոխությանը: Բանաձևում, որին կողմ է քվերակել նաև ՀՀԿ իշխող կուսակցության անդամներից Դավիթ Հարությունյանը, նշվում է, որ լավագույն տարբերակը համամասնական ընտրակարգն է: Հակառակ դեպքում, բանաձևի պահանջների, եթե ամբողջապես համամասնական ընտրակարգին չեն անցնում, ապա գոնե թող կրճատեն մեծամասնականի տեղերը»,- ասաց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանն ավելացրեց, որ կփորձի ԵԽԽՎ հանձնաժողովի միջոցով պարզել, թե ինչն է կաշկանդում ՀՀԿ-ին` ընդունելու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը: Մանավանդ, որ Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությամբ` Վեհաժողովի բանաձևից բացի, ամբողջապես համամասնական ընտրակարգին անցնելու մասին նշված է նաև ՀՀԿ –ի ծրագրում: «ՀՀԿ-ն ունի նման օրենսդրական փոփոխություն կատարելու հնարավորություն, քանի որ թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ ԱԺ նախագահը այդ կուսակցության անդամ են»,- ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամը: «Ժառանգությունը» Ջոն Պրեսկոտին ԵԽԽՎ պատվիրակությանը կներկայացնի այլ հարցադրումներ, որոնք առնչվում են բնապահպանական խնդիրներին, «Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների ոչ արդյունավետ քննությանը, մարդու իրավունքներին, Նարեկ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելուն և այլն»:
Ի դեպ, հունվարի 16-17-ը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներից Աքսել Ֆիշերը չի ժամանի առողջական խնդիրների պատճառով: Այս մասին Tert.am-ին ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Ջոն Պրեսկոտի այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև քաղաքական կուսակցությունների , արդարադատության համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` այցի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն անցած տարի ԵԽԽՎ-ի ընդունած թիվ 1837 բանաձևի պահանջների կատարման ընթացքը, որը վերաբերում է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությանը, ոստիկանության դեմ բողոքների անկախ մեխանիզմի ստեղծմանը և ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը: Հատկապես ուշադրության կենտրոնում է լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը և դիտարկման ընթացակարգի առաջնահերթ ոլորտները:









