Սերժ Սարգսյանը այցելեց Արմավիրի մարզի Վանանդ համայնք

13:42 • 13.01.12

Այսօր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Արմավիրի շրջանի Վանանդ համայնք, որտեղ ծանոթացավ տեղի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքի հիմնորոգման աշխատանքների ավարտական փուլին:

Դպրոցը կառուցվել է 1986 թվականին, իսկ առաջին մասնաշենքի հիմնորոգման աշխատանքները կատարվել են նախորդ`2011թ. ընթացքում: Դպրոցի մասնաշենքի հիմնորոգման աշխատանքների վրա ծախսվել է 35 միլիոն դրամ:

«Դպրոցը համալրվել է նոր գույքով, սեղաններով և աթոռներով, իսկ քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաները` անհրաժեշտ նյութերով»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Հայկ Խաչիկյանը: Նրա խոսքով` դպրոցը ունի աշակերտների համար բավարար քանակությամբ համակարգիչներ:

Վանանդում «Եվրոթերմ» ընկերությունը սեփականության իրավունքով ձեռք ե բերել 130 հա հողատարածք, որտեղ նախատեվում է գործարկել «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարան: Առաջիկայում այն 50 նոր աշխատատեղ կապահովի:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց գործարանի հիմնարկեքի արարողությանը: Նախագահին ներկայացվեց ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքոմ ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը:

«Եվրոթերմ» ընկերության հիմնադիր Էդիկ Ղարայանը հավաստիացրեց, որ այս տարածքի այգիներում մշակաբույսերը աճեցվելու են միայն օրգանական մեթոդով և քիմիական նյութեր չեն օգտագործվելեու:

«Օգտագործվելու են միմիայն առողջ մրգեր, և պետք է ցույց տանք, որ անորակ մրգից հյութ, ժելե չեն պատրաստում: Մենք համագործակցելու ենք նաև գյուղացիների հետ: Մթերքի մոտ 90 %-ը գնելու ենք տեղի գյուղացիներից, իսկ 10%՝ մեր այգներից: Ես հույս ունեմ, որ արդեն այս տարվա հուլիսին գործարանը կշահագործվի»,-ասաց նա:

Գործարանի կառուցման համար նախատեսված է 1, 5 -2 մլն եվրո, իսկ անհրաժեշտ արքավորումների ձեռք բերման համար՝ 2-3 մլն եվրո: