Լիտվացին պահանջում է Գորբաչովին զրկել Նոբելյան մրցանակից
1991թվականի հունվարին Վիլնյուսի հեռուստաաշտարակի զավթման ժամանակ զոհվածներից մեկի որդին պահանջում է զրկել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին 1990 թվականին ստացած Նոբելյան մրցանակից:
Ինչպես հաղորդում է ռուսական vz.ru-ն, Ռոբերտաս Պովիլայտիսն այսօր Սեյմում անցկացված հանդիսավոր նիստում (այսօր Լիտվայում Ազատության պաշտպանների օրն է) հայտարարել է, որ համապատասխան դիմումն արդեն ուղարկել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտե:
Նա վստահեցրել է, որ Գորբաչովը` որպես նախագահ, պատասխանատու է Վիլնյուսում 1991 թվականի հունվարի 13-ին Խորհրդային միության զինված ուժերի, միության Ներքին գործերի մինիստրության ներքին զորքերի և Պետական անվտանգության կոմիտեի` ԿԳԲ-ի արարքների համար: Լիտվայում այդ արարքները համարվում են ռազմական հանցագործություն և մարդկության դեմ իրականացված ոճիր:
«Եթե նույնիսկ զինված ուժերը գործել են առանց Գորբաչովի համապատասխան կարգադրության (ինչպես նա է ներկայացնում), նրա լռելյայն համաձայնությունը կամ հետագայում նրանց պատասխանատվության չենթարկելը նույնպես առիթ են տալիս Գորբաչովին միջազգային քրեական իրավունքի չափանիշներին համաձայն` պատախանատվության ենթարկելու»,- ասել է Պովիլայտիսը:
Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահը չի համագործակցում իրեն հարցաքննել ցանկացող Լիտվայի իրավապահ մարմինների հետ:
Լիտվայի Գերագույն խորհուրդը 1990 թվականի մարտի 11-ին հայտարարել է հանրապետության անկախության մասին, սակայն ԽՍՀՄ կենտրոնական ղեկավարությունն այս որոշումը Սահմանադրությանը հակասող է համարել: Մեկ տարի անց` հունվարին, Լիտվայում սկսվեցին բողոքի ակցիաներ: Լույս հունվարի 13-ի գիշերը խորհրդային զորքը շարժվեց դեպի Վիլնյուսի կենտրոն: Հեռուստաաշտարակի մոտ ցուցարարների հետ բախումների հետևանքով զոհվել էր 14 մարդ, 600-ից ավելին` վիրավորվել:









