Ժողովուրդն ինչքան մեզ շատ ձայն տա, այնքան իր պատիվն է. Տիգրան Կարապետյան

13:56 • 13.01.12

«ՕԵԿ-ը դավաճանի պիտակով է և այն չի կարող անգամ ժավելով մաքրել», «ԲՀԿ-ն փողի կուսակցություն է՝ առանց գաղափարախոսության», «ՀՀԿ անդամ են նույնիսկ ձմեռ պապիկները, իսկ ՀԱԿ-ը նախկին իշխանություն է»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատականներով հանդես եկավ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և հավելեց, որ միայն «Ժողովրդական» կուսակցությունն է, որ մտածում է ժողովրդի մասին:

Նրան վրդովեցրել էր երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած վիճակագրության արդյունքները, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին որ կուսակցությունները կմտնեն ԱԺ, ըստ որի՝ բոլոր փոքր կուսակցությունները դուսր կմանան ընտրապայքարից:

«Ահարոն Ադիբեկյանը սոցիոլոգ չէ, նա միշտ իշխանության պատվերն է կատարել և ես դրա համար վաղուց եմ նրան կոչել Սուտիբեկյան, որը կպելա»,- սոցիոլագին հակադարձեց Կարապետիչը: Ըստ նրա՝ իրենց կուսակցությունն այլընտրանք է, իսկ եթե համամասնական ցուցակով մասնակցելու մտադրություն ունենան, ապա նա ժողովրդին կոչ արեց. «Ինչքան մեզ շատ ձայն տա, այնքան իր պատիվն է»: