Արմավիրի Վանանդ գյուղում մոտ 60 երեխա մնացել է առանց մանկապարտեզի
Արմավիրի մարզի Վանանդ գյուղի երիտասարդները յուրահատուկ աշխատասիրությամբ են օժտված: Այս կարծիքն այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանանդի միջնակարգ դպրոցի դասվար Շողիկ Ղազարյանը, ով այստեղ դասավանդում է արդեն 25 տարի:
«Մեր երեխաները շատ լավ են սովորում ու շատ աշխատասեր են, բայց մի քիչ բարձր դասարանցիները այդքան էլ չեն սովորում: Ասում են` «Մեկ է, չենք շարունակելու ուսումը, ֆինանս չկա, էլ ինչի՞ սովորենք»: Մեր երտասարդները չունեն ժամանցի վայրեր: Լավ կլիներ, որ մշակութային տունը կրկին աշխատեր»,- ասաց ուսուցչուհին:
Վանանդ գյուղի բնակիչները նաև մանկապարտեզի կարիք ունեն: 1988թ. երկրաշարժից հետո այն չի գործել: Չնայած մանկապարտեզի շենքը դեռ կանգուն է, սակայն հիմնովին վերանորոգման կարիք ունի:
«Եթե այս պահին մանկապերտեզը գործեր, ապա 50-60 երեխա կունենար և շատ մայրեր էլ տանը նստելու փոխարեն հնարավորություն կունենային աշխատեին»,- ասաց տիկին Շողիկը:
Վանանդ գյուղն ունի շուրջ 820 բնակչություն, որոնց գրեթե 15 %-ը, ըստ գյուղացիների, եզդիներն են: Վանանդեցիները չեն հիշում, որ երբևէ իրենց գյուղում ազգային հողի վրա վեճ ծագած լինի հայերի ու եզդիների միջև:
«Մեկ-մեկ լսում ենք կողքի գյուղերից վեճերի մասին պատմություններ, բայց մեզ համար դա շատ տարօրինակ է: Ամեն ազգի մեջ լավ մարդ էլ կա` վատն էլ»,- ասաց Ղազարյանը:
Գյուղն ունի նաև տրանսպորտի ու ճանապարհների խնդիր: Գյուղացիները դժգոհ են որ իրենց գյուղով անցնող տրանսպորտը գալիս է այլ գյուղերից և իրենց համար դժվար է լինում օգտվել տրանպորտից, քանի որ մեքենաները խցանված են լինում։ Բացի դրանիցգյուղ տանող ճանապարհներն ասֆալտապատման կարիք ունեն: Ճանապարհների մեծ մասը քարքարոտ է ու լի փոսերով, ինչը կրկնակի դժվարացնում է կապը մայրաքաղաքի հետ:









