Չավեսը նոր ռեկորդ է սահմանել. 11 ժամ ելույթ է ունեցել պատգամավորների առջև
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը գրեթե 11 ժամ ելույթ է ունեցել պատգամավորների առջև: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, 2011 թվականի արդյունքների ամփոփիչ զեկույցը ներկայացնելու համար նա ամբիոն է բարձրացել վենեսուելական ժամանակով ժամը 13.00-ին և ավարտել միայն կեսգիշերին:
Նախորդ տարի 2010 թվականի զեկույցը ներկայացնելը տևել է ընդամենը 7 ժամ: Նշենք, որ այն ժամանակ Չավեսը ելույթ է ունեցել ծանր վիրահատությունից և երկար վերականգնողական շրջանից հետո:
Իր ելույթի ժամանակ Վենեսուելայի նախագահը մի քանի անգամ անդրադարձել է իր հիվանդությանը` այն անվանելով «երկրի համար փորձություն, որից վենեսուելացի ժողովուրդը դուրս եկավ պատվով` ցուցադրելով հասունության բարձր մակարդակ»:
Անդրադառնալով ընդդիմությանը` նախագահը խոստացել է, որ եթե նա պարտվի ընտրություններում, ապա առաջինը կընդունի իր պարտությունը, սակայն նույնը սպասում է նաև իր մրցակցից:
Նա նաև քննադատել է ընդդիմությանն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հասցեին ուղղված քննադատության համար: «Դուք պարզապես չեք ճանաչում Ահմադինեժադին: Նա լավ մարդ է»,- ասել է նա:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 7-ին:









