Costa Concordia-ի ուղևորներից մեկ ժամ շարունակ թաքցրել են աղետի մասին լուրը (տեսանյութ)

20:32 • 14.01.12

Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո (Giglio) կղզու մերձակայքում վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավի ուղևորները պատմել են, որ նավի անձնակազմը երկար ժամանակ չի տեղեկացրել, թե ինչ է պատահել և մարդիկ, ովքեր ներկայացում դիտելու համար դահլիճում են եղել` մեկ ժամ շարունակ չեն կարողացել լքել սրահը:

Վթարի պահին Costa Concordia-ի վրա եղել է ավելի քան 4200 ուղևոր, որոնցից 4165-ը հաշվառվել են, իսկ առնվազն 70 մարդ համարվում է անհետ կորած։ Արդեն ճշտված տվյալներով` մահացածների թիվը 3-ն է, վնասվածքներ են ստացել շուրջ 50 մարդ։

Զբոսանավը ուրբաթ երեկոյան դուրս էր եկել Հռոմի մոտ գտնվող նավահանգստից և պատրաստվում էր շրջագայել Պալերմո, Պալմա, Բարսելոնա և Մարսել քաղաքներով։

«Երբ վթարը եղավ և նավը ցնցվեց ու թեքվեց, անձնակազմը տեղեկացրեց, թե էլեկտրասնուցման խափանում է տեղի ունեցել: Մեզ ավելի քան մեկ ժամ չէին ասում, թե ինչ է կատարվում և դահլիճից դուրս չէին թողնում, մինչև այն պահը, երբ խուճապ և իրարանցում սկսվեց», - РИА Новости-ին պատմել է ռուսալեզու ականատեսներից մեկը :

Ուղևորները նշում են, որ տեղի բնակչությունը ակտիվորեն օգնել է փրկվածներին, շատերը իրենց հագից հանել են կոշիկներն ու հագուստը և Costa Concordia-ի զբոսաշրջիկներին տվել:

Զբոսաշրջիկներից շատերի փաստաթղթերը մնացել են նավում: