Առաջին անգամ Al-Jazeera-ով հայերեն խոսք է հնչել (տեսանյութ)

20:13 • 14.01.12

Հունվարի 12-ին Al-Jazeera ալիքով ցուցադրված ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիս դաջվածքները» (Grandma’s Tattoos) ֆիլմը թերևս առաջին դեպքն է, որ հեղինակավոր այս արաբական հեռուստաալիքով հայերեն` արևմտահայերեն խոսք է հնչում: Վավերագրական ֆիլմը ցեղասպանության մասին է: Ֆիլմը ցուցադրվելու է մինչև գալիք չորեքշաբթի` յուրաքանչյուր օր: Աշխատանքին կարելի է հետևել Al-Jazeera-ի անգլալեզու թողարկումով` առցանց: Լիբանանահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի այս աշխատանքի մասին վաղուց էր խոսվում, բայց որ ֆիլմի պրեմիերան կկայանա միջազգային նման հեղինակավոր ալիքով, նախապես չէր հայտարարվել և հայտնի դարձավ միայն օրեր առաջ: Ֆիլմը ազգային ողբերգությունը ներկայացնում է չափազանց անձնական տեսանկյունից` ֆիլմի ռեժիսորի տատի խորհրդավոր դաջվածքների պատմության վերծանման ճանապարհով: Այդ պատմությունը, որ Սյուզանի մեծ մայրը և նրա նման հազարավոր հայ աղջիկներ գաղտնի են պահել, ռեժիսորը բացահայտում և հանդիսատեսին է ներկայացնում մեծ զգուշությամբ և միաժամանակ` նաև անկեղծությամբ: Դաջվածքների պատմությունը Հայոց ցեղասպանության նվազ հայտնի, բայց ոչ նվազ ահասարսուռ էջերից է: Ազգային ողբերգության այդ դրվագը ներկայացնելու համար ռեժիսորը, որն այժմ ապրում և ստեղծագործում է Շվեդիայում (ֆիլմը, ի դեպ, շվեդական է համարվում), նաև մեծ ուղևորություն է ծավալում` այցելելով Լիբանան, Սիրիա, ԱՄՆ: Խարդալյանին հաջողել է իր ասելիքը տեղավորել 59 րոպեների մեջ: Չնայած որ Al-Jazeera-ում ֆիլմը մատչելի է նաև իր ավելի կարճ (47 րոպէ) տարբերակով: