Լևոն Տեր-Պետրոսյանը չի հանդիպի Ջոն Պրեսկոտի հետ

12:52 • 14.01.12

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում չի ունենա Եվրոպային Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ, որ հունվարի 16-17-ը պետք է այցելի Հայաստան:

Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ Ջոն Պրեսկոտի հետը կհնադիպեն ինքը, ինչպես նաև ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը ը և Ավետիս Ավագյանը:

Ըստ Կարապետյանի՝ ՀԱԿ-ի հիմնական դիտարկումը Հայաստանի հարցով համազեկուցողին կվերաբերի մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը և դրա վերաբերյալ դեկտեմբերի վերջին ներկայացված զեկույցին:

«Սեփական ժողովրդի արյան գնով իշխանությունը բռնագրավված անձինք չեն կարող բացահայտել իրական մարդասպաններին: Մենք կապացուցենք, որ 10 զոհերի մահվան հանգամանքները քողարկվում են ներկա իշխանությունների կողմից, իսկ մարդասպանները շարունակում են մնալ ազատության մեջ»,- ասաց նա:

Վլադիմիր Կարապետյանը նաև ավելացրեց, որ մարտմեկյան սպանություններից բացի ՀԱԿ-ը ընտրությունների համատեքստում Ջոն Պրեսկոտին կներկայացնի նաև լրատվամիջոցների աշխատանքը:

«Մենք ցույց կտանք, որ իշխանությունների հայտարարությունները ազատ և արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը` ելնելով լրատվական դաշտում առկա անհավասար պայմաններից: ՀԱԿ-ի նկատմամբ լրատվական դաշտը սահմանափակումներ է դնում»,- նշեց նա:

ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատուն ավելացրեց, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ կխոսեն նաև ամբողջական համամասական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ խորհրդարանական ընդդիմության առաջարկություններին, որը, նրա խոսքով, ողջունել է նաև ՀԱԿ-ը:

«Բացի դա մենք ունենք նաև մեր առաջարկությունները կապված ընտրությունների անցկացման հետ, այն է` մատի թանաքոտում, որը կկանխի երկրոդ անգամ քվեարկելու հնարավորությունը, ինչպես նաև ընտրություններից հետո ցուցակների հրապարակումն ու ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը»,- ավելացրեց ՀԱԿ ներկայացուցիչը: