Ստորագրվել է հայ–չինական ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր

11:31 • 14.01.12

Հունվարի 13-15-ը Հայաստանի է գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյի գլխավորությամբ:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ այցի ծրագրի շրջանակներում հունվարի 13-ին Չինաստանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և կադրերի ու ռազմական կրթության վարչությունների պետերի հետ և քննարկվել երկկողմ ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Բարձր գնահատելով հայ-չինական ռազմական համագործակցության զարգացման ընթացքը` Տոնոյանը կարևորել է պաշտպանության ոլորտում համագործակցության առկա ներուժի լիարժեք օգտագործումը:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանն ու ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյը ստորագրել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիր:

Հունվարի 13-ին Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գոհունակություն հայտնելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցությունը զարգացման լայն հեռանկարներ ունի: