Սաքունցը բաց նամակով Ս. Օհանյանին խնդրում է հետազոտել զինվորի առողջական վիճակը

15:12 • 14.01.12

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և խնդրում է նախարարի աջակցությունն ու միջամտությունը Ասկերանի մի զինծառայողի առողջական վիճակն անհապաղ հետազոտելու և զինծառայությանը նրա պիտանելիությունը որոշելու հարցում:

«2011 թ-ի դեկտեմբերի 6-ին իր որդու՝ Ասկերանի զորամասի զինծառայող Դավիթ Այվազյանի իրավունքների պաշտպանության հարցով մեր կազմակերպություն էր դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Հրայրի Ղուլինյանը, որի կապակցությամբ դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը մեր կազմակերպության կողմից ուղարկվել է Ե/2011- 23.12/339 գրությունը, որի պատասխանը մինչ այսօր չենք ստացել»,– ասվում է նամակում:

Սաքունցը նաև նշում է, որ 2012 թ. հունվարի 14-ին Գայանե Հրայրի Ղուլինյանը վերստին դիմել է կազմակերպություն իր որդու առողջական խնդիրների մտահոգությամբ, ավելացնելով, որ Դավիթի մոտ առկա է բարձր ճնշում և հավելյալ քաշ:

Այնուհետև իրավապաշտպանը նշում է, որ 2012թ. հունվարի 9-ին Դավիթ Այվազյանը մորը հայտնել է, որ վատառողջ է, որի մասին տեղյակ է պահել նաև իրենց զորամասին բուժքրոջը: Վերջինս, ըստ Դ. Այվազյանի, փաստաթղթերում նշել է, որ անհրաժեշտ է Դ. Այվազյանին տեղափոխել հոսպիտալ: Հաջորդ օրը ծնողը տեղեկացել է, որ Դ. Այվազյանը դեռևս գտնվում է զորամասում, և նրան չեն տեղափոխել հոսպիտալ:

Հունվարի 12-ին Դ. Այվազյանը մորը տեղեկացրել է, որ զորամասում տագնապ է հայտարարվել, և հետևաբար իրենց տեղափոխում են Աղդամի զորամաս: Զինավարժությունների ժամանակ Դ. Այվազյանը նորից վատ է զգացել, զարկերակային ճնշումը գրանցվել է 170/130 մմ սնդ. ս: Ըստ Դ. Այվազյանի ծնողի՝ Դավիթը Աղդամի զորամասում խնդրել է իրեն տեղափոխել հոսպիտալ, որը իրականացվել է բավականին մեծ դժվարությամբ:

«Ներկայումս Դ.Այվազյանը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում և գանգատվում է գլխացավերից, տեսողության մթագնումից, սրտի շրջանում ծակոցներից: Հետևաբար խնդրում եմ Ձեր աջակցությունն ու միջամտությունը Դ. Այվազյանի առողջական վիճակի անհապաղ հետազոտման և նրա՝ զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ որոշման հարցում»,– ասվում է նամակում: