2013թ-ի ընտրություններում ՀՀ երեք նախագահներն էլ վերընտրվելու հավասար հնարավորություններ ունեն

14:07 • 14.01.12

2013թ-ի նախագահական ընտրություններին ՀՀ-ի երեք նախագահների մասնակցության հավանականությունը քաղաքագետ Լևոն Շիրինյանը շատ հավանական է համարում:

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը ասաց, որ նրանց մասնակցությունը մի կողմից լավ է, իսկ մյուս կոմից`վատ:
«Ես չէի ուզենա, որ պայքարն այս երեք նախագահների միջև լիներ, քանի որ Հայաստանին ուղղակի անհրաժեշտ են թարմ, երիտասարդ և կրթված ուժեր: Երեքն էլ սովետական, հին դաստիարակություն ունեն, իսկական կոմսոմոլ կուսակցության թրծված կադրեր են: Սակայն այս պահին չեմ էլ տեսնում դաշտում հավանական նոր դեմքեր։ Բայց նրանց գտնել է պետք»,- ասաց Շիրինյանը:
Ըստ նրա` լավ կլիներ, որ սահմանադրության մեջ փոփոխություն մտցվեր և Հայաստանում նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք տրվեր նաև սփյուռքահայերին, քանզի նրանց մեջ կգտնվեն ազգի մասին մտածող հայրենասերներ:

«Քանի որ Սահմանադրության մեջ փոփոխություն չենք կարողանա անել, ուրեմն Հայաստանի համար լավագույնը կլինի մեր երեք նախագահների առաջադրումը: Նրանց ընտրվելու հնարավորությունը գրեթե հավասար է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, կորցրեց իր ձայների մի հատվածը, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախկին թշնամանքը չկա և վստահ եմ, որ կվերանա, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր ռեսուրսներն օգտագործելու հնարավորություն ունի»,- բացատրեց Լևոն Շիրինյանը:

Նա համոզմունքը հայտնեց, որ երեք նախագահների առաջադրման արդյունքում Հայաստանը կշահի առաջին հերթին բանավեճ և մրցակցություն:

«Եթե այս երեքը լինեն, ուզեն-չուզեն ընդառաջ են գնալու ժողովրդին: Կտեսնեն, որ չեն կարող ամեն ինչը կեղծիքով անել, ուրեմն պետք է փորձեն դուր գալ ժողովրդին: Իսկ որպեսզի դուր գան, պետք է պարտավորություն վերցնեն իրենց վրա: Այնուհետև, որ ուժը հաղթի, հետագայում վերահսկվելու է մյուս ուժերի կողմից: Ահա այս մեխանիզմը պետք է աշխատի Հայաստանում, թե չէ մենք տանուլ ենք տալիս»,- ասաց քաղաքագետը:

Երկրի վիճակի բարելավումը, ըստ Շիրինյանի, կարևոր է հատկապես տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով:
«Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանի լարվածությունը քաղաքական այրերին պետք է հուշի, որ պարտավոր ենք շտկել երկրի վիճակը: Մենակ ուտելով չէ, լավ ինչքա՞ն պետք է ուտեն»,- ավարտեց Շիրինյանը: