Սեյրան Օհանյանն ընդունել է դեկտեմբերի 30-ին մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հարազատներին

15:41 • 14.01.12

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է 2011թ. դեկտեմբերի 30-ին մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի հարազատներին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասած Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը։ Նախարարը լսել է զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ նրանց մտահոգությունները և ներկայացրել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի և ծառայողական քննության այս պահի արդյունքները:

Պաշտպանության նախարարը հանձնարարություններ է տվել քննչական ծառայության և ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարներին` մանրակրկիտ ուսումնասիրել Հայկ Խաչատրյանի հարազատների դիտարկումները և կատարել մասնագիտական հետևություններ: Սեյրան Օհանյանը Հայկ Խաչատրյանի հարազատներին հավաստիացրել է, որ դեպքի կապակցությամբ ստեղծված բժիշկների անկախ հանձնաժողովի եզրակացության և հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվելու են զինվորի մահվան ողջ հանգամանքները և եթե լինեն մեղավորներ, ապա նրանք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: