Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցել է ամանորյա մաղթանքների արարողությանը
Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցել է այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ավանդական ամանորյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:
Ըստ ՀՀ արտգործնախարության հաղորդագրության՝ դեսպանը բարեմաղթանքներ է փոխանակել Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի և արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ, արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջև հաստատված բարեկամական կապերի և համագործակցության հետագա զարգացում:
Նույն օրը ՀՀ դեսպանն աշխատանքային հանդիպում է ունեցել հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները և փոխադարձ այցելությունների հնարավորությունը:
Դեսպան Ազնավուրը կարևորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը:









