Կատարի էմիրը կարծում է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը ռազմական միջամտությամբ է հնարավոր դադարեցնել
Կատարի պետության էմիր Համադ բեն Խալիֆա ալ Թանին հանդես է եկել Սիրիայում առկա քաղաքացիական պատերազմը ռազմական միջամտությամբ լուծելու օգտին։ Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, Թանին նման հայտարությամբ հանդես է եկել ամերիկյան CBS հեռուստաընկերության հետ զրույցում։
«Ստեղծված իրադրությունում սպանություններին և արյունահեղությանը վերջ տալու համար որոշակի թվով ռազմական ստորաբաժանումներ պետք է ներգրավվեն»,– ասել է էմիրը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արաբական երկրները ստեղծված իրադրությունում պետք է արդյոք խառնվեն Սիրիայի գործերին։
Գործակալությունը ընդգծում է, որ Թանին առաջին արաբ առաջնորդն է, որը հանդես է եկել Սիրիայում ռազմական միջամտության օգտին։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվում են 2011 թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ժամանակահատվածում Սիրիայում 5000–ից ավելի մարդ է զոհվել:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների առաջնորդները 2011թ. նոյեմբերին որոշում ընդունեցին լրացուցիչ պատժամիջոցներ (երկու շաբաթ առաջ ԵՄ–ն պատժամիջոցներ էր սահմանել այդ երկրի նկատմամբ) սահմանել Սիրիայի կառավարության նկատմամբ։
Նոր պատժամիջոցները հիմնականում վերաբերում էին ֆինանսական ոլորտին. դրանք արգելք են դնում առևտրի ոլորտում երկարաժամկետ ֆինանսական օգնության (բացառությամբ բժշկության և պարենամթերքների ճյուղի), Սիրիայի կառավարությանը վարկեր տրամադրելու, այդ երկրի պարտքային պարտավորությունների վաճառքի վրա։ Բացի այդ, սիրիական բանկերին այսուհետ արգելվում է մասնաճյուղեր ունենալ Եվրամիության անդամ երկրների տարածքում, ինչպես նաև իրենց միջոցները եվրոպական բանկերում ներդնել։
Բացի այդ ԵՄ–ն ընդլայնել է այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց օտարերկրյա ակտիվները պետք է սառեցվեին և որոնց մուտքը ԵՄ երկրներ արգելվում է։
Դրանից առաջ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նաև Արաբական երկրների լիգան։









