Ի տարբերություն կոմունիստների, ազգային ժողովրդավարները չեն շտապում

12:25 • 14.01.12

Մինչև ամսվա վերջ` հունվարի սկիզբ-փետրվարի վերջ ժամանակահատվածում պարզ կդառնա` տեղի կունենա՞ «Ազգային ժողովրդավարական միությունից»` ԱԺՄ-ից ժամանակին տրոհված մի քանի կուսակցությունների` ԱԺՄ- ի, ԱԺԴ-ի, եւ ԱԺԿ-ի և ՀԺԱՄ-ի վերամիավորումը, թե ոչ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺՄ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ազգային ժողովրդավարական գաղափարախոսությանը դավանող ուժերը որոշեցին համախմբվել այդ գաղափարախոսության հայաստանյան «կնքահայր» ԱԺՄ-ի շուրջ` նշելով, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված նման գաղափարախոսության կարիք է զգում:

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ձգձգման պատճառը. «Միավորվել-չմիավորվելու հարցը չի, էստեղ շատ կարևոր է` որ կուսակցությունն ինչ որոշում է ընդունում ընտրություններին մասնակցելու մասին: Եթե բոլորը մտածում են չմասնակցել, միավորվելը պրոբլեմ չի, եթե բոլորը մտածում են մասնակցել` նույնպես պրոբլեմ չի, բաց եթե մեկը մտածում է մասնակցել, մյուսը` ոչ, ապա պրոբլեմ է»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ օրինակ`ՀԺԱՄ-ը մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած համագումարի ժամանակ հայտարարեց ընտրութուններին մասնակցության մասին: «Եթե ԱԺՄ-ն չի մասնակցելու, ինչո՞ւ պետք է խանգարենք»,- ԱԺՄ նախագահի խոսքով` իրենց մոտ «ամեն ինչ նույնն է»: Այսինքն` ԱԺՄ-ում ևս որոշված չի`ընտրություններին մասնակցելու են, թե ոչ: Եթե որոշեն մասնակցել, ապա փետրվար ամսին համագումար կանեն: