Կոսովոյում 140 ցուցարար է ձերբակալվել սահմանային անցակետերը փակելու համար
Կոսովոյում ոստիկանությունն ավելի քան 140 ցուցարար է ձերբակալել, ովքեր փորձում էին արգելափակել Սերբիայից Կոսովո եկող տրանսպորտի մուտքը:
Ըստ BBC-ի` սահմանային երկու անցակետերում ցուցարարների հետ բախման հետևանքով մոտ 50 մարդ է վիրավորվել, որոնց մեծ մասը ոստիկանության աշխատողներ են:
Բողոքի ակցիան կազմակերպել էր «Ինքնահռչակում» կուսակցությունը, որը դեմ է Սերբիայի հետ հաղորդակցությանը:
Ցուցարարները, որոնց ղեկավարում է ընդդիմության առաջնորդ Ալբին Կուրտին, պնդում են, թե Սերբիան ցանկանում է խոչընդոտել Կոսովոյի զարգացմանը:
Կուրտին իր հերթին ասել է, որ իրենք ցանկանում էին ժամանակավորապես փակել սերբական ապրանքների մուտքը Կոսովո:
«Սերբիան Կոսովո պետության թշնամին է, և մեր նշանաբանն է «Սերբիան չպետք է անցնի»»,- ասել է նա:
Ոստիկանությունն պնդում է, որ ցուցարարների նետած քարերի հետևանքով ավելի քան 30 ոստիկան վնասվածք է ստացել:









