Այսօր տարվա ամենադեպրեսիվ օրն է

17:13 • 16.01.12

Բրիտանական Քարդիֆի համալսարանի գիտնականները հունվարի 16-ը համարել են տարվա ամենադեպրեսիվ օրը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Մասնագետների կողմից մշակված «երջանկության բանաձևի» համաձայն` հենց այսօր եվրոպացիները կզգան հետտոնական ձանձրույթ, որը նրանց կստիպի մտածել, որ մոտակա շրջանում այլևս հետաքրքիր ոչինչ չի լինելու:

Վատ տրամադրության գլխավոր պատճառն ըստ մասնագետների ցուրտ եղանակներն են, կուտակված պարտքերը, ինչպես նաև այն փաստը, որ դեռ 2 շաբաթ կա` մինչ աշխատավարձ ստանալը:

«Այս բոլոր փաստերն էլ հունվարի երրորդ շաբաթը դարձնում են տարվա ամենատխուր աշխատանքային օրը»,- նշել են գիտնականները: Նրանք ընդգծել են նաև, որ մարդիկ, ովքեր սիրում են իրենց աշխատանքը ավելի հեշտ են հաղթահարում «տխուր երկուշաբթին», քան նրանք, ովքեր ամեն օր տհաճությամբ են աշխատում:

«Տարվա ամենատխուր ամսաթիվը» առաջին անգամ որոշվել էր գիտանական Քլիֆ Արնալի կողմից: Բանաձևը բաղկացած է 6 տարրից` եղանակ, պարտք, անցած ծննդյան տոներից ժամանակահատվածի ցուցիչ, անցած ամանորյա խոստումների ժամանակահատվածի ցուցիչ, ցածր շարժառիթներ, շտապ որոշումներ կայացնելու զգացողություն:

Սակայն, գիտնականների մի մասը հավաստում են, որ այդ բանաձևը չի համապատասխանում ճշգրիտ գիտությանը: