Ադրբեջանը դեմ է ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի ֆինանսավորման ավելացմանը

12:52 • 16.01.12

Ադրբեջանը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի ֆինանսամորումն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը, որն արվել է ԵԱՀԿ բյուջեի քննարկմանը։

Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության՝ առաջարկությունը նպատակ ունի ամրապնդել ԳՆԱՆ գրասենյակի հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը։

Ադրբեջանի պատվիրակությունն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ չի կարող հավանություն տալ գրասենյակին հավելյալ միջոցների տրամադրմանը, քանի դեռ ձեռք չի բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի մանրամասերի շուրջ վերջնական պայմանավորվածություն:

ԳՆԱՆ գրասենյակի բյուջեի ավելացման գաղափարը լայն աջակցություն է գտել ԵԱՀԿ անդամ-պետությունների շրջանում:
«Սա մեկ անգամ ևս վկայում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծի միջադեպերի հետաքննությամբ, քանի որ արդյունքում ի հայտ է գալու, որ հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար իրականացնում սադրանքներ, դրանով իսկ խորացնելով հակամարտող կողմերի փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը և բանակցային գործընթացը կանգնեցնելով փակուղու առաջ»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրությունում: