Եթե Սամվել Ալեքսանյանը իր սեփականությունը թերի ներկայացնի, հնարավոր է վարույթ սկսվի՞. բանավեճ

13:22 • 16.01.12

Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ոչինչ տա էթիկայի ոլորտում, ինչպես դա եղավ հանրային խորհրդի դեպքում: Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպմանը ասաց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

«Մենք ունենք օրենսդրական կառույցներ, էթիկական խնդիրը քննող համապատասխան կառույցներ: Այդ բոլոր վերապահումները պետք է արվեն օրենսդիր և գործադիր մարմիններին: Ես հասկանում եմ, ուզում ենք մեզ ներկայացնել իբրև էթիկական ազգ, բայց հասարակությունը ինքը շատ լավ գիտի իր ներքին էթիկան»,-ասաց նա:

Էթիկայի հանձնաժողովը Անուշ Սեդրակյանը համարեց բուտաֆորիկ համակարգ, որը ըստ նրա՝ կլինի Հայաստանում երկրորդը՝ հանրային խորհրդից հետո:

ՀՀկ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով աշխատել է այս նախագծի վրա, այն կարծիքը հայտնեց, թե այս հանձնաժողովը պաշտոնյաների համար դառնալու է զսպման, զգոնության ինստիտուտ:

«Եթե Սամվել Ալեքսանյանը կամ որևէ մեկը ներկայացնում է իր սեփականությունը և ասում է իր անվան տակ գրված է վեց մեքենա, բայց հանձնաժողովը պարզում է, որ նրա մերձավորների անվան տակ գույք է գրանցված, հնարավոր է վարույթ սկսվի: Հանրության համար յուրաքանչյուր տարի կհրապարակվի ռեգիստրները: Շահերի բախման հարցն է ուշադրության տակ լինելու»,-ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց առանց կառույցի աշխատանքը տեսնելու չքննադատել:

«Պետք չէ թերահավատորեն վերաբերել մի կառույցի, որ ընդամենը մի քանի օր է, որ գործում է»,-ասաց Հովհաննես Սահակյանը: