Հայոց բանակի մասին ֆիլմի ռեժիսորը չի ծառայել բանակում, բայց դա ֆիլմի գեղարվեստական ղեկավարի կարծիքով կարևոր չէ

14:33 • 16.01.12

«Ես եմ» անունը կրող և Հայոց բանակի 20-ամյակին նվիրված ֆիլմը նկարահանող խումբն իր առջև ոչ թե փառատոնային արժեք ստեղծելու խնդիր էր դրել, այլ ընդամենը հասկացնելու մեր հասարակությանը, որ «սահմանից այս կողմ ես թշնամի չունեմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի գեղարվեստական ղեկավար, «Գոյակ» ընկերության տնօրեն, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

«32 ատամ» ընկերության կողմից նկարահանված ֆիլմը, ըստ նրա, կարևոր է հատկապես բանակի մասին ներկա շահարկումներին պատասխան լինելու տեսանկյունից:

«Անկախ իրական, դաժան և օբյեկտիվ արժեքներից, մենք պետք է հասկանանք, որ ունենք հայրենիք, զինվոր, որը միշտ պետք է փայփայենք ու գովերգենք, հատկապես այն համատեքստում, որ այսօր քաղաքական մակարդակով տարվող մանրապճեղության հետևանքով զինվորը չի ուզում ծառայի, մայրը չի ուզում որդուն ուղարկի բանակ, մեծացել է դասալքության թիվը»,- ասաց նա:

Մազմանյանը հավատացրեց, որ դրանով հայաթափում ենք բանակը, հայրենիքը: Ըստ նրա, եթե նախկինում չծառայելն ամոթ էր, այսօր արդեն դա պատիվ է բերում:

Կրկին անդրադառնալով ֆիլմի նպատակին՝ Արմեն Մազմանյանը նկատեց, որ միայն վերնագրում շեշտվող «ես եմ հայրենքիս զինվորը» գաղափարախոսության մեջ ամեն ինչ ասվում է, իսկ ըստ նրա, ով չի ասում «ես եմ», լինի դա գեներալ, պատգամավոր, օլիգարխ, թե երիտասարդ, նա էլ հենց հայրենքի թշնամին է: Ֆիլմի սցենարում, ըստ բանախոսի՝ սահմանին կանգնած զինվորից բացի, զինվոր է նաև սահմանին ապրող ծերունին, որի դերում հանդես է եկել Սոս Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ անձամբ ռեժիսորի տեսակետին, Մազմանյանը նշեց. «Այո, բանակում բացասական երևույթներ կան, սակայն ոչ թե պետք է ասել, որ բանակը վատ է, այլ` ինչ անենք, որ լավ լինի: Ամեն մի զինվորի մահվան համար ես ցավում եմ, բայց պետք է հասկանալ, որ բոլոր ժամանակներում, բոլոր բանակներում էլ նման երևույթները եղել և մնում են ամենամեծ խնդիրը: Բայց կա նաև այլ խնդիր. բանակը հասարակության օբյեկտիվ նկարագիրն է: Ինչի՞ ենք մեզ անընդհատ անջատում բանակից»:

Ի դեպ, ասուլիսի ընթացքում լրագրողների այն դիտարկմանը ի պատասխան, թե «Ես եմ» ֆիլմի ռեժիսորներից Կարեն Բաբաջանյանը չի ծառայել հայկական բանակում, Արմեն Մազմանյանը հավատացրեց, որ նա առողջական լուրջ խնդիրներից ելնելով է, որ բանակ չի գնացել և խնդրեց ոչ թե այդպիսի հարցերին ուշադրություն դարձնել, այլ ֆիլմի բուն նպատակին: