«Ժառանգությունը» նամակ է փոխանցել ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտին
«Ժառանգություն» կուսակցությունն Երևանում երկօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրարանական համաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին այսօր փոխանցել է նամակ, որում անդրադառնում է ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու հիմնավորումներին։
Նամակում ասվում է, որ 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «ոչ միայն Հայաստանի հերթական ժողովրդավարական թեստն են լինելու, այլև` ժողովրդավարական հեռանկարին հավատարմության ու համապետական քաղաքական կամքի ստուգատեսը»:
«Անկախության երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ընտրական գործընթացները երբեք չեն արժանացել ոչ Հայաստանի հասարակության, ոչ էլ միջազգային հանրության լիարժեք գոհունակությանը: Դրանք երբեք չեն գնահատվել իբրև «միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող», իսկ ներքաղաքական կյանքում հաճախ ավարտվել են արյունալի ողբերգությամբ` ինչպես 2008թ. նախագահական ընտրությունների դեպքում»,– ասվում է նամակում:
«Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում հայտնվածներից շատերը հենց օրվա իշխանական ուժերի թեկնածուներն են եղել և մնում են այդպիսին (ինչը խորհրդարանում մեծամասնություն կազմելու առումով մշտապես առավելություն է տալիս իշխող ուժերին), մյուս` «անկախ պատգամավորների» և իշխանության միջեւ ստատուս քվո է ձեւավորվում «իշխանության հանդեպ լոյալություն` ընտրվելու, իշխանությանը հնազանդ լինելու ու վարվող քաղաքականությանը չխոչընդոտելու դիմաց» բանաձեւի շրջանակներում»:
Ըստ «Ժառանգության», «հենց այդ ընտրակարգն է նաև խորացնում ու զանգվածային բնույթ հաղորդում ընտրակաշառքի արատավոր գործելակերպի արմատավորումը` իմաստ հաղորդելով հանուն ընտրողի քվեի օլիգարխիկ ապաքաղաքական դեմքերի ու խմբերի միջեւ աննախադեպ աճուրդին, որտեղ քաղաքական ծրագրերն ու քաղաքական գործունեությունը տեղ չունեն, իսկ քաղաքական ուժերն ու թեկնածուներն էլ մրցունակ չեն»:
Վերլուծելով երկրում առկա իրականությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի հանդեպ ստանձնած հանձնառության շրջանակներում նպաստել «Ընտրական օրենսգրքի» լրամշակմանը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ առաջարկին։









