Ընթանում են ԱԺ խմբակցություններ- Ջոն Պրեսկոտ հանդիպումները
Այսօր կեսօրից Աժ-ում սկսվել և ընթանում են աշխատանքային երկօրյա այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումները ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների և ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ և ընդդիմադիր` ՀՅԴ ու «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի և ԵԽԽվ-ում հայաստանյան պատվիրակության հետ հետ հանդիպման ներկայացած Ջոն Պրեսկոտի օրակարգը ամրագրվել էր ավելի վաղ համազեկուցողի և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման արդյունքում:Նշենք, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունները որպես երկրի համար թիվ մեկ մարտահրավեր Ջոն Պրեսկոտին ներկայացրել էին առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ, խորհրդարականների հետ հանդիպման ձևաչափում ևս առաջիկա խորհրդարանական ընտրություններն էին: Ջոն Պրեսկոտը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներին ասել է, որ առաջիկա ընտրությունները շատ կարևոր և որոշիչ են լինելու Հայաստանի հետագա ճակատագրի և վարկանիշի համար:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ համազեկուցողի հետ իրենց խմբակցության հանդիպման ժամանակ բարձրացվել են երեք խումբ հարցեր, որոնք վերաբերում են մարտիմեկյան դեպքերի տասը զոհերի մահվան հանգամանքներին,100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու իրենց և ՀՅԴ-ի նախաձեռնությանը և դատական ու ոստիկանական համակարգերում տիրող վիճակին: «Ինքը մի փոքր ժխտողական տրամադրություն ուներ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ, մինչ այդ էլ տեղեկացա, որ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման ժամանակ էր նման տրամադրություններ ունեցել, սակայն քննարկման ավարտին Ջոն Պրեսկոտի մոտ նախնական ժխտողական տրամադարությունը չկար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Խորհրդարանական ընդդիմությունը Ջոն Պրեսկոտին ասել է, որ մարտիմեկյան էջը չի կարող փակված լինել, քանի որ Հատուկ քննչական ծառայության` օրերս հրապարակված զեկույցում նոր բան չկա և ընդամենը ՀՔԾ նախկին մոտեցումների վերաշարադրումն է: Ավելին` զեկույցը, ըստ պատգամավորներ Մարտիրոսյանի և Սաֆարյանի` հետքայլ էր: «Քանի որ փորձել էին դրանում վատաբանել նաև նախկին փաստահավաք խմբի կատարած աշխատանքը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
ՀՀԿ-ից Ջոն Պրեսկոտի հետ հանդիպմանը մասնկացելու են` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը և Արամ Սաֆարյանը, ՕԵԿ-ից ` Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից ` Արմեն Ռուստամյանն ու Արա Նռանյանը: ԱԺ հանդիպումների թվում նախետեսված է նաև Ջոն-Պրեսկոտ Սամվել Նիկոյան հանդիպումը:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այս առնչությամբ ասաց, որ ՀՀԿ-ն չի փոխել այն դիրքորոշումը, որ ուներ ԸՕ-ի վերջին փոփոխությունների ժամանակ: Այն է, որ Հայաստանի համար անհրաժեշտ է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգը: «Ընտրական օրենսգիրքը «պատվերով համերգով» չի բարեփոխվում: Եթե իրենք այդքան վստահ են, որ նման մեծ ժողովրդականություն են վայելում, ապա կառաջարկեի, որ առաջադրվեն բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում և արդար մրցապայքարի ժամանակ որոշվի` որ քաղաքական ուժն է ավելի հզոր»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ իրենց խմբակցության ներկայացուցիչը՝ Գալուստ Սահակյանը, համազեկուցողին ներկայացնելու է այն ամենը, որ արվել է իշխող կուսակցության կողմից` առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու առումով. «Ընտրական բարեփոխված օրենսգիրքն ու իշխանությունների քաղաքական կամք, էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծության ապահովում, Ազատության հրապարակ, որը վերածվել է քաղաքական բազմակարծության ամբիոնի»: Իսկ իշխանությունների և ընդդիմության միջև էլ, ըստ նրա, ձևավորված է հանդուրժողականության մթնոլորտ:
Ջոն Պրեսկոտի այսօրվա հանդիպումների շարքը կամփոփվի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես նախորդ օրերին տեղեկացրել էինք` ՀԱԿ-ը Հայաստանի հարցով համազեկուցողի առաջ դնելու է միջազգային լայնածավալ դիտորդական առաքելություն անցկացնելու անհրաժեշտության հարցը: Որպեսզի ընտրական պրոցեսի սկզբից մինչև վերջ յուրաքանչյուր ընտրատեղամասում ներկա լինի միջազգային մեկ դիտորոդ:









