Բիշքեկում բանտարկյալներն ապստամբություն են բարձրացրել
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մեկուսարանում դատապարտյալներն անկարգություններ են կազմակերպել: Նրանք իրենց բողոքն են հայտնում հունվարի 1-ից ուժի մեջ մտած` հարազատների հետ հանդիպումների սահմանափակումների որոշման դեմ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Բիշքեկի միակ հետաքննչական մեկուսարան տանող փողոցում տրանսպորտային շարժը կանգնեցված է: Հաստատության պատուհաններից լսվում է աղմուկ, մուտքը շրջափակել են Պատիժների իրականացման պետական ծառայության աշխատակիցները:
Լսվում են պայթուցիկների ձայներ: Հարազատների խոսքով` մեկուսարանի տարածքում կան վիրավորներ, քանի որ դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան:
Պատիժների իրականացման պետական ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել կատարվածը: «Մենք այժմ պարզում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում»,-ասել են ծառայությունից:
Ղրղըզական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ շենք է մուտք գործել հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը: Գործակալությունների համաձայն` այլ գաղութներ նույնպես բողոքի ակցիաներ են անցկացնում` իրենց աջակցությունը հայտնելով «բախտակիցներին»:









