Կոմունիստական կուսակցությունը 8 մլն դրամ գրավի գումար չունի, փոխարենը 15%-ի ախորժակ ունի

14:20 • 16.01.12

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է ընտրություններին շատ մանրակրկիտ աշխատանքներով: «Անկախ արդյունքից, ես ձեզ հավաստիացնում եմ , որ ՀԿԿ-ն եղել և մնում է մարդու և անձի գաղափարախոսության կուսակցություն, ինչքան էլ ճնշեն, հակակումունիստական գաղափարներով լցնեն, մեկ է՝ մարդու մեջից դուրս չի գա մեր գաղափարները», -ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Վերջինս հիշելով նախորդ դարի ապրելակերպը, նշեց, որ ոչ մի քաղաքացի չի մոռացել թե ինչպես են ապրել բարեկեցիկ երկրում:

Թովմասյանի տեղեկացմամբ՝ ՀԿԿ-ն պատրաստվում է ընտրությունների՝ խորհրդարան մտնելու ակնկալիքով։ Ըստ Կոմկուսի ղեկավարի՝ իրենք նախորդ ընտրություններին էլ են անցել խորհրդարան, սակայն կեղծվել են վերջնական արդյունքները: Իսկ իշխանությունների այն հայտարարությունների իրականություն դառնալու դեպքում, թե երկրում կլինեն ազատ ընտրություններ, Թովմասյանի կարծիքով Կոմկուսը շռնդալից հաղթանակ կունենա, իսկ շռնդալից հաղթանակն էլ առնվազն 15 տոկոսն է:

Չնայած ծանրությանը, կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին: Ծանրություն ասելով բանախոսը նկատի ունի 8 մլն դրամ գրավը, որը պետք է վճարեն: «Մենք ոչ բիզնեսմեններ ունենք, ոչ էլ նման հարուստ մարդ»: Անդրադառնալով Յուրի Մանուկյանի ղեկավարած «Նոր կոմունիստներ» կուսակցության հետ միավորվելու, բանախոսն ասաց. «Յուրի Մանուկյանը դիմել է մեզ, կենտկոմը քննարկել է և որոշել է մերժել Յուրի Մանուկյանին»: Համամասնական-մեծամասնական հարցերի վերաբերյալ ընկեր Թովմասյանը նշեց, որ դա մարդու իրավունքների խախտում է, քանի որ կարող են լինել մարդիկ, ովքեր ցանկանում են մտնել խորհրդարան, բայց առանց կուսակցության անդամ դառնալու: Tert.am- ի հարցին ի պատասխան հնարավոր է , որ գումար չկարողանան հայթայթել և չմասնակցի ընտրություններին, Թովմասյանն ասաց, որ չի բացառվում:

Համեմատություն կատարելով անցած խորհրդարանական ընտրությունների հետ՝ բանախոսը նշեց, որ այսօրվա հասարակությունը 2007- ի հասարակությունը չէ, այսօր կյանքն ավելի բարդ է դարձել մարդիկ ավելի շատ են ուզում դուրս գալ երկրից. «բոլորն ունեն գազ, բայց վառում են աթար, վաղն էլ չարոխ են հագնելու, գյուղացին մղկտում է, վարկերի տակ խեխդվում են»: Ռուբեն Թովմասյանը չի կարողանում ասել, թե ինչպիսին կլինի ապագա խորհրդարանը: «Ես գուշակել չեմ կարող, բայց Ռուսաստանում իշխող կուսակցությունը տասնհինգ տոկոս կորցրեց»: Այլ երկրների կոմուսնիտների հետ տեղական ՀԿԿ-ն ունի միայն բարոյական կապեր, նրանք ըստ Թովմասյանի գումարներով չեն օգնում :