Հայաստանում խոզի գրիպ չկա, ջրծաղիկն էլ նահանջում է. մասնագետներ

12:58 • 16.01.12

Այս պահին Հայաստանում չկա խոզի գրիպ, որն առավել հայտնի է որպես H1N1 վիրուս: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետ Լիաննա Թորոսյանը։ «Հայաստանում խոզի գրիպի դեպք առաջին անգամ արձանագրվել է 2009 թվականին, սակայն այս պահին մենք չունենք խոզի գրիպով որևէ հիվանդ քաղաքացի: Խոզի գրիպը եկեք այդպես չտարանջատենք, որովհետև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրիպի այս տեսակը դասում է սեզոնային գրիպի շարքին: 2009 թվականին արձանագրված ուժգնությունն ու մասսայականությունը, որ ուներ H1N1 վիրուսը, ներկայում արդեն այդ ներուժը չունի, քանի որ մարդու օրգանիզմը սովորել է այդ վիրուսին դիմակայելուն»,-ասաց մասնագետը:

Նշենք, որ հարևան Թուրքիայի առողջապահության նախարարությունը օրերս հաստատել է, որ ձմռան ընթացքում իր տարածքում կրկին H1N1 վարակի` խոզի գրիպի վարակման դեպքեր են արձանագրվել: Սակայն թուրք բժիշկները նույնպես հանգստացնող կանխատեսումներ են անում. հանդիպող բոլոր դեպքերն էլ ունեցել են շատ թեթև ընթացք: Ի հակառակ, 2009-2010թթ. ընթացքում Թուրքիայում խոզի գրիպի հետեւանքով մահացել է շուրջ 650 մարդ:

Լիաննա Թորոսյանը նշեց, որ ՀՀ սահմանային անցակետերում եւ օդանավակայանում գործող հատուկ սանիտարական կարանտինային կետերը լիարժեք գործում են:

Բնակչության շրջանում լուրեր են շրջանառվում, որ ներկայումս ավելացել են օդակաթիլային եղանակով տարածվող հիվանդությունները և, մասնավորապես, գրիպը, ջրծաղիկը և տուբերկուլյոզը` որպես սոցիալական հիվանդություն:

Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչ ինֆեկցիոն հիվանդություններ են այսօր տարածված: Կապված սեզոնային եղանակի հետ՝ շատ են շնչառական հիվանդությունները, մասնավորապես, գրիպը,- համաճարակաբանի խոսքով` ջրծաղկի դեպքերի հաճախակիությունը պայմանավորվում էսեզոնայնությամբ, քանի որ այն ևս շնչառական հիվանդություն է: ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ջրծաղիկի դեպքերի վերաբերյալ պարզաբանեց. «Ոչ թե շատանում է , այլ շատացել, վերջացել են, հիմա արդեն այն նվազման միտում ունի»: