ԿԲ–ն թողարկել է «Ուշու» և «Ձյուդո» արծաթե հուշադրամներ (լուսանկարներ)

14:14 • 16.01.12

Կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Ուշու» և «Ձյուդո» արծաթե հուշադրամներ:

Ըստ ԿԲ հաղորդագրութան՝ «Ուշու» հուշադրամի դիմերեսին պատկերված են Չինաստանում գտնվող Շաոլին վանքի գլխավոր մուտքը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից վերև և ներքև կիսաշրջագծով մակագրված է “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ” և “REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM”: Եզրաշուրթով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք ցուցադրում են ուշու մարզաձևին հատուկ շարժումներ: Աջ և ձախ կիսաշրջագծով մակագրված է “ՈՒՇՈՒ” և “WUSHU”: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

«Ձյուդո» հուշադրամի դիմերեսին պատկերված են Տոկիոյի հանրահայտ թագավորական պալատը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից վերև և ներքև կիսաշրջագծով մակագրված է “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ” և “REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM”: Եզրաշուրթով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են չորս մարզիկներ, որոնք կատարում են ձյուդո մարզաձևին հատուկ հնարքներ: Աջ և ձախ կիսաշրջագծով մակագրված է “ՁՅՈՒԴՈ” և “JUDO”: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամները, որոնց ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը, հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: Հուշադրամները հատվել են 5000 հատ քանակով։