Քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
Հունվարի 17-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների պատվին ընդունելություն է կազմակերպել, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը ներկա են եղել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների և խորհրդականների պալատների պատգամավորներ, նախկին արտգործնախարար, ներկայումս Ճապոնիայի իշխող ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տակեակի Մացումոտոյի գլխավորությամբ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Ճապոնիայի ներկայացուցիչ Տոյոհիսա Կոզուկին:
Քննարկվել է հայ-ճապոնական հարաբերությունների խորացման և բազմազանեցման նպատակով երկու երկրների գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների հետագա քայլերը, ինչպես նաև Ճապոնիայի խորհրդարանում Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կազմի հաստատման, նոր անդամներով համալրման հարցը:
Կողմերը նշել են, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համադրել բոլոր քաղաքական ուժերի ջանքերը: Տակեակի Մացումոտոն նշել է, որ կանի հնարավոր ամեն ինչ Ճապոնիայի օրենսդիր մարմնում Հայաստանի, հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ տանելու համար:









