Հայերի 70%-ը իրեն երջանիկ է համարում. «Gallup»
Ըստ Gallup միջազգային սոցոլոգիական ասոցիացիայի հարցման՝ հայ հասարակության 70%-ն իրեն երջանիկ է համարում:
Հարցումն անցկացվել է ՀՀ 500 քաղաքացիների շրջանակում՝ հեռախոսով: Հարցման մասնակիցներին տրվել է երկու հարց՝ «Անձնական կյանքում ձեզ երջանիկ համարո՞ւմ եք», ինչպես նաև «Ի՞նչ եք մտածում եկող տարվա ձեր պլանների մասին»:
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի կարծիքով՝ ասոցիացիայի կողմից կատարված հարցումները չի կարելի համարել կատարյալ, քանի որ նախևառաջ, հեռախոսային հարցումներն արդեն այդքան էլ ճիշտ արդյունք ցույց չեն տալիս:
«Հարցում անցկացնողը հնարավորություն չունի տեսնելու, թե հեռախոսից այն կողմում գտնվող մարդն ինչ վիճակում է գտնվում: Ես համոզված եմ, որ իրենց երջանիկ համարողների մեծ մասն այդ պատասխանը տվել է կատակով, նույնիսկ հեգնանքով, սակայն դա ճիշտ չի հասկացվել և ընդունվել է որպես «երջանիկ եմ ինձ համարում» պատասխան»,– ասաց Աթանեսյանը։
Հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանում մարդիկ իրենց երջանկությունը չեն կապում իրենց տնտեսական վիճակի հետ: Սակայն սոցիոլոգը համոզված է, որ յուրաքանչյուր մարդ իրեն երջանիկ է համարում, երբ սոցիալապես ապահովված է: Gallup-ի հարցման արդյունքների համաձայն՝ տնտեսապես ապահովված երկրների ժողովուրդներն իրենց պակաս երջանիկ են համարում:
«Ռուսաստանում իրենց երջանիկ է համարում մարդկանց 35%-ը: Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանից օրական մի քանի թռիչք իրականացվում դեպի Ռուսաստան: Մեր ժողովուրդը կգնա՞ր մի երկիր, որտեղ մարդիկ իրենցից պակաս երջանիկ են»,- հարցադրում արեց Աթանեսյանը:
Gallup միջազգային սոցիոլոգիական ասոցիացիան նաև նշում է, որ Հայաստանում ավելի երջանիկ են մինչև 35 տարեկանները և 65-ից բարձր տարիք ունեցողները:









