Հնդկաստանում բռնել են «անորսալի» ավտոառևանգողին
Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը վերջապես հնդիկ ավտոսիրահարներին հանգիստ շունչ քաշելու առիթ է ընձեռել. ձերբակալվել է երկրում հանրահայտ դարձած «մեքենաների առևանգողների արքա» Մանոջա Բաքարվալը, ով իր «մասնագիտական բուռն կարիերայի» ընթացքում հասցրել է առևանգել մոտ 500 մեքենա ու մոտոցիկլ:
Ոստիկանությունը 14 տարի փորձել է բռնել Բաքարվալին, սակայն վերջինիս միշտ հաջողվել է սողոսկել: Այս անգամ հաջողությունը դավաճանել է 36-ամյա հանցագործին:
Ինչպես հայտնել են հնդկական լրատվամիջոցները, նա ձերբակալվել է երկրի մայրաքաղաք Նյու Դելիում իրականացված լայնածավալօպերացիայի արդյունքում: Ձերբակալման պահին նա գտնվել է հերթական առևանգված մեքենայի ղեկին: Հանցագործի մոտից ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակ, որով նա վախեցնում էր մեքենաների տերերին:









