Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քվեարկության օրը հայերն ու թուրքերն ակցիաներ են անցկացնելու
Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկության օրը՝ հունվարի 23–ին, հայ համայնքի ներկայացուցիչներն ակցիա են անցկացնելու։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այդ օրը Սենատի շենքի առջև ակցիա են անցկացնելու նաև Ֆրանսիայում բնակվող թուրքերը։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) բոլոր ֆրանսահայերին կոչ է արել հունվարի 23–ին հավաքվել Սենատի շենքի մոտ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին աջակցելու համար։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ակցիայի կարգախոսն է լինելու՝ «Ոչ ասենք ռասիզմին ու օտարատյացությանը, թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությանը և սպառնալիքներին»։ Խորհուրդն ակցիայի մասնակիցներին նաև կոչ է արել նման վերտառությամբ պաստառներ պատրաստել։
Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ ընդունեց։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Հունվարի 23–ին օրենքը քննարկվելու է Սենատում։









