ՀԱԿ-ը վաղվա քաղխորհրդի նիստում քննարկելու է ընտրությունների մասնակցության ձևաչափը

15:56 • 17.01.12

Հայ ազգային կոնգրեսը վաղը կայանալիք քաղաքական խորհրդի նիստում քննարկելու է խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափը: Այս մասին Tert.am-ին ասաց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Մեր հարցին, թե ճիշտ են այն լուրերը, թե վաղվա նիստում Կոնգրեսը քննարկելու է նաև ընտրացուցակների հարցը, Կարապետյանը պատասխանեց. «Դա չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ կարող է անդրադարձ լինել ընտրությունների մասնակցության սկզբունքներին»:

Ինչպես օրեր առաջ Tert.am-ի հետ զրույցում նշել էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, այս տարվա քաղխորհրդի առաջին նիստը Կոնգրեսն անցկացնելու է հունվարի 18-ին, որտեղ էլ կարող են քննարկվել առաջիկա քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի հարցին, թե արդյոք Կոնգրեսի վաղվա նիստում կարող է քննարկվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում Կոնգրեսի ընտրացուցակի հարցը, նշեց. «Ոչինչ չեմ բացառում, բայց այդ մասին տեղեկություն չունեմ»:

Նշենք, որ իշխանական հիմնական քաղաքական ուժերի մասով որոշ տեղեկություններ արդեն իսկ հայտնի են: Մասնավորապես հայտնի են կոալիցիոն ուժերից ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական շտաբերի ղեկավարների անունները, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի համակարգողները: ՀԱԿ-ից որևէ հստակ տեղեկատվություն ընտրական որևէ դրվագի վերաբերյալ դեռևս չկա: