Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է խորհրդարանական ընտրություններից. Խ. Հարությունյան
Հայաստանի տնտեսության զարգացումն ու Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավումը կախված է նրանից, թե արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններն արդար ու թափանցիկ կլինեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության» ղեկավար Խոսրով Հարությունյանը:
«Ընտրությունները եզակի հնարավորություն են տալիս մեզ: Եթե հաջողվի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները վիճելի չեն լինի հանրության համար, ուրեմն ՀՀ-ին լուրջ զարգացումների շրջան է սպասվում: Եթե բաց թողնենք առիթը, մեզ կդնենք փակուղու մեջ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա՝ արդար ընտրությունների անցկացումը միայն քաղաքական կուսակցությունների խնդիրը չէ, այլ՝ ամբողջ հասարակությանը:
«Կարևոր է ոչ միայն, թե ովքեր կանցնեն խորհրդարան, այլ նաև թե ինչպես կձևավորվի ԱԺ-ը: Կուսակցությունները պետք է ունենան այնպիսի կադրային պոտենցիալ, որ կարողանան լուծել տարբեր խնդիրներ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:









