Սուրեն Խաչատրյանը ՀԷԿ-ի հետ առնչություն չունի. մարզպետարանը հերքում է

12:58 • 17.01.12

Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հորինված և իրականությանը չհամապատասխանող է համարում այսօրվա «168 ժամ»-ի «Սյունիքի մարզպետը հէկ է բացելու» վերնագրված հրապարակումը:
Հիշեցնենք, որ ըստ հրապարակման` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրոկայան կառուցել: Ըստ Ծավի բնակիչների` գյուղով անցնող Բասուտա գետի վրա արդեն մեկ ՀԷԿ կառուցվել է, որի սեփականատիրոջ անունը գյուղացիներին դեռ հայտնի չէ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված ընկերության հետ որևէ առնչություն չունի: «Ծավ գետի վրա “Էներգոցանցշին” ԲԲԸ-ի կողմից կառուցվել և ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրոկայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրոկայանը:

Թեև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ փոխվել է հողի նպատակային նշանակությունը, սակայն առ այսօր համայնքի կողմից հողամասի օտարում նշված կազմակերպությանը չի կատարվել:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված ընկերության հետ որևէ առնչություն չունի»,- ասված է հաղորդագրության մեջ։