Հուսեյնի «հետույքը»` Իրաքի մշակութային ժառանգություն
Լոնդոնում Իրաքի դեսպանատունը թագավորական Ռազմաօդային ուժերի նախկին հատուկջոկատային Նայջել Էլիսից պահանջել է վերադարձնել 2003 թվականին Բաղդադից դուրս բերված Սադամ Հուսեյնի տապալված բրոնզաձույլ արձանի բեկորներից մեկը:
Ինչպես այսօր գրում է The Daily Telegraph-ը, Իրաքի իշխանությունները Հուսեյնի «հետույքը» պատկերող հատվածը համարում են մշակութային ժառանգություն և չվերադարձնելու դեպքում` սպառնում բրիտանացու նկատմամբ գողության մեղադրանքով գործ հարուցել:
Ինքը` նախկին հատուկջոկատայինը, հրաժարվել է վերադարձնել` հայտարարելով, որ այն իր օրինական սեփականությունն է: Էլիսը վստահեցրել է, որ իր ձեռքերով բեկորը սովորական մետաղից վերածվել է «մշակութային իրի»: Նա այժմ մտադիր է վաճառքի հանել այն բարեգործական աճուրդում:
«Երբ ես վերցրեցի արձանի այդ հատվածը, այն ընդամենը մետաղական կտոր էր: Ես ցանկանում եմ վաճառել այն, և գումարը կտրամադրեմ զինվորական բարեգործական կազմակերպություններին»,- ասել է նա:
Նախկին հատուկջոկատայինի խոսքով` նա պատրաստ է գումարով կիսվել իրաքյան բարեգործական կազմակերպությունների հետ նույնպես:
The Daily Telegraph-ում հրապարակված լուսանկարի համաձայն` բրիտանացին արժեքավոր կտորն իր ողջ գեղեցկությամբ ներկայացնելու համար այն դրել է պատվանդանի վրա:
Քանի որ բրոնզաձույլ հատվածի սեփականության իրավունքը դեռ որոշված չէ, Դերբիշիր կոմսության ոստիկանությունը` Իրաքի դեսպանության խնդրանքով, հետաքննություն է սկսել գործի առնչությամբ:
Թերթն ընդգծել է, որ Էլիսն ականատես է եղել, թե ինչպես են իրաքցիները տապալել Հուսեյնի մեծ արձանը: Այդ պահին նա պաշտպանում էր հեռուստաօպերատորներին, որոնք նկարահանում էին այդ դրվագները: Հենց այդ ժամանակ էլ նա գտել ու վերցրել է արձանի «լավ» հատվածը:









