ԱԺ նախագահը և Ջոն Պրեսկոտը քննարկել են նախընտրական գործընթացները
Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին և քննարկել նախընտրական գործընթացները:
Ըստ ԱԺ հաղորդագրության՝ Ջոն Պրեսկոտն ասել, է որ իր իրավասություններից դուրս է, թե ինչ ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները: Նրա գնահատմամբ` ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տպավորիչ են, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները`խոստումնալից:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իր հերթին նշել է, որ յուրաքանչյուր դրական փոփոխության արդյունքն ընտրություններն են, և որպես Ազգային ժողովի նախագահ, իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների համար:
Երկուստեք կարևորվել է ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը:
Սամվել Նիկոյանը բարձր է գնահատել ԵԽ դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում և համագործակցությունը եվրոպական այդ կառույցի հետ:
Ջոն Պրեսկոտն ասել է, որ Հայաստանում արձանագրվել են դրական զգալի փոփոխություններ և առաջընթաց ներքաղաքական կայունություն ապահելու ուղղությամբ: Այդ գործընթացում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը կարևոր է համարել նաև Ազգային ժողովի դերակատարությունը:
Անդրադարձ է եղել 2008թ. մարտյան դեպքերին և այդ կապակցությամբ հարուցված քրեական գործին:









