Կրթաթոշակները քաղաքական նպատա՞կ, թե բարի կամքի դրսևորում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կանցկացնի կրթաթոշակների տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված ուսանողները: Հիմնադրամը կրթաթոշակ կհատկացնի ՀՀ կառավարության կողմից տրամադրված 60 մլն դրամից: Այս մասին հիմնադրամը հայտարություն է տարածել իր կայքէջում, ներկայացնելով պահանջները և նշելով, որ Հիմնադրամի գրասենյակ դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։
Նշենք, որ նախորդ տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կրթաթոշակներ է հատկացրել 600 ուսանողների։
Ի դեպ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակ տրամադրելու ծրագիրն իր տեսակի մեջ միակը չէ: Ուսանողներին օգնություն է առաջարկում նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ` նոյեմբերի 17-ին, ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շուրջ 300 ուսանողների հատկացրեց անվանական կրթաթոշակներ` 100 000 դրամի չափով:
Ի դեպ, մասնավոր սեկտորից կրթաթոշակներ տրամադրելու հարցում աչքի է ընկնում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը` «Կրթական հիմնադրամ» ծրագրի շրջանակներում: 2011 թվականի վերջում ընկերությունն իր վրա է ստանձնել ամբողջությամբ վճարել հայաստանյան 20 բուհերի 200 ուսանողների ուսման վարձը: Անցյալ տարի նույն ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վճարվել է ընտրված 150 ուսանողների ուսման վարձը:
Ուսանողներին աջակցելու ծրագրեր ունի նաև Հայ օգնության միությունը (ՀՕՄ), որի շրջանակներում յուրաքանչյուր տարի «Լավագույն ուսանող» ծրագիրն ընդունելով հայտեր`նախորդներից ոչ պակաս թվով ուսանողների հանձնում է գումարային օգնություն: ՀՕՄ-ը ուսանողների համար նախատեսված այս ծրագիրն իրականացնում է 1992 թվականից:









