Հայաստանի շուրջ 300 քաղաքացի դեռ Վերին Լարսում են
Վերին Լարս անցակետում եղանակային վատ պայմաների պատճառով մեքենաների արգելափակումը շարունակվում է: Ըստ ռուսական vz.ru էլեկտրոնային կայքի` շուրջ 350 քաղաքացի, որոնց հիմնական մասը հայեր են, մնացել են սահմանին և չեն կարողանում տեղաշարժվել:
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Тert.am-ին հաղորդեց, որ ռուսական ԶԼՄ-ի նշած թիվը ոչ պաշտոնական է, և Հայաստանի արտգործնախարարությունն էլ դեռևս չի կարող հստակ թվեր նշել:
Բալայանի խոսքերով՝ հայ քաղաքացիներին դեռևս օգնել չեն կարող, քանի որ այս պահին առատ ձյան պատճառով սահմանին տեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում:
«Տեխնիկա դուրս բերել և մաքրել ճանապարհները հնարավոր չէ, որովհետև անընդհատ ձյուն է տեղում»,- ասաց նա:
Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝սահմանը կբացվի միայն տեղումների դադարից հետո: Նա հավելեց, որ Հայաստանից օգնության խումբ չի ուղարկվել, քանի որ վրացական կողմը նման դիմում չի ներկայացրել: Քաղաքացիներին հատկացվել է սնունդ, ինչ վերաբերում է կացարաններին, ապա Տիգրան Բալայանը առայժմ տեղեկություն չունի` ապահովվա՞ծ են քաղաքացիները դրանցով, թե ոչ:
Ռուս-վրացական սահմանին կուտակված մեքենաների մեջ բեռնատարներ չկան, դրանք հիմանականում մարդատար են: Тert.am-ին տեղեկացրեց Կապի և տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: «Մենք նախապես մեր կայքում տեղեկացրել էինք, որ այդ անցակետը փակ է և պետք է չէ տվյալ ճանապարհն ընտրել»,- ասաց նա:
Ըստ նախարարության կայքի` այսօր առավոտյան ժամը 10.30-ի դրությամբ Վերին Լարսի անցակետում իրավիճակը չի փոխվել: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:









