«Փակ շուկայի» հարցով բաց նամակ վարչապետին և քաղաքապետին

13:46 • 17.01.12

Մի խումբ հասարակական կազմակեպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով դադարեցնել «Փակ շուկայում» սկսված շինարարական աշխատանքները։

«Երևանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան ունի թե' ճարտարապետական, թե'
ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաև պատմական նշանակություն։ Այն նախագծվել է ճարտարապետ Գ. Աղաբաբյանի, և կոնստրուկտոր Հ. Առաքելյանի կողմից և արժանացել բազմաթիվ մրցանակների»,– ասվում է նամակում։

Նախաձեռնության հեղինակները պահանջում են «դադարեցնել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (թիվ՝ 1.6.152) շինության տարածքում սկսված աշխատանքները, ինչպես նաև համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում»։ս

Վարչապետից և քաղաքապետից նրան պահանջում են նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում լայն ու բազմակողմանի մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը, այդ թվում և հուշարձանի ներքին տարածությունում իրականցվող փոփոխությունները, քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի համաձայն իրականացնել հանրության իրազեկում և անհրաժեշտ քննարկումներ։

«Լիահույս ենք, որ ի պատասխան այս գրության մեր հասարակությունը վկան կլինի
նախորդ տարվա ընթացքում սկսված շրջահայաց և ըմբռնող մոտեցման ևս մեկ դրսևորման»,– ասվում է նամակում։

Նամակը նախաձեռնել են Թրանսփարենսի հակակոռուպցիոն ՀԿ–ը, Հին և նոր քաղաք հիմնադրամը, Մեր քաղաքը ՀՔՆ–ը, Մենք ենք այն քաղաքի տերը ՔՆ–ը, Պահպանե՛նք Հանրապետության հրապարակը ՔՆ–ը, Պետական կարիքների զոհեր ՀԿ–ը, ՈւրբանԼաբԵրևան և Փրկենք հուշարձանները նախաձեռնությունները։